Հանգամանքը, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը շարունակում է բացահայտել ղարաբաղյան հարցի կարգավորման կետերը, խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված խնդրի լուծման հարցում: Այս մասին մայիսի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀՇ անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:

Կարնեգիի հիմնադրամում իր ելույթի անմիջապես սկզբում, ընդգծել է նա, Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ չի ներկայացնում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի դիրքորոշումը, այլ ընդամենը՝ պաշտոնական Վաշինգտոնի կարծիքը: «Դա նշանակում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ կողմերից մեկը փորձում է արագացնել կամ իր ձեռքը վերցնել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը: Եվ քանի որ ավելի կտրուկ հայտարարություններ չեն հնչել մյուս երկրների համանախագահների կողմից (Ֆրանսիա եւ Ռուսաստան), կարելի է ասել, որ այդ նախաձեռնությունը զարգանալու է», - նշել է Հովհաննես Իգիթյանը:

Հիշեցնենք, որ Կարնեգիի հիմնադրամում ելույթի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԼՂ խնդրի կարգավորման 6 տարր էր ներկայացրել: Դրանց շարքում առավել նշանակալի էր երրորդ կետը, որտեղ ասվում էր. «Լեռնային Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքները պետք է Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձվեն: Ադրբեջանի ինքնիշխանության հանդեպ հարգանքի բացակայության պարագայում կարգավորում չի կարող լինել. այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ուորլիքի առաջարկած տարբերակի դեմ խիստ հայտարարություններով էին հանդես եկել: