ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի վերջին հայտարարությունները կարող են Ռուսաստանի` Ուկրաինայի հանդեպ դրսեւորած քաղաքականության դեմ լինել: Մայիսի19-ին կայացած մամուլի ասուլիսին նման տեսակետ է հայտնել Հայոց համազգային շարժման անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով, Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունն այն մասին էր, որ չնայած Ադրբեջանը ոչ ժողովրդավարական երկիր է հանդիսանում, Միացյալ Նահանգները պետք է ավելի խորը համագործակցություն ծավալեն այդ նրա հետ: «Դեսպանը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում են Ադրբեջանից ստացված շահը Եվրոպայի ու քաղաքակիրթ աշխարհի` ռուսական գազից ու նավթից կախվածության նվազեցմանն ուղղված ընդհանուր նախագծի շրջանակում կիրառել»,- ընդգծել է Իգիթյանը` պարզաբանելով, որ այս դեպքում Մորնինգսթարի հայտարարությունը ոչ թե Ադրբեջանում ժողովրդավարության առկա վիճակն է ակցենտավորում, այլ այն, որ նույնիսկ ադրբեջանական գազի եւ նավթի նկատմամբ անմիջական հետաքրքրություն չունենալով, Միացյալ Նահանգները առավելագույն հնարավորն են անում, որպեսզի դրանք Եվրոպայում ռուսական էներգառեսուրսների ալընտրանքը դառնան:
Հիշեցնենք` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր. «Մենք համակ ուշադրությամբ հետեւում ենք վերջերս Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին: Հատկապես` ձերբակալություններին եւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ կիրառվող ճնշումներին: Այս թեման մեզ համար միշտ էլ առաջնային է եղել: Եթե հիշում եք` մի քանի տարի առաջ Բաքու ժամանած այն ժամանակ` պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները միայն ժողովրդավար երկրների հետ են մտերիմ հարաբերություններ կառուցում»: Դեսպանը հերքել էր պնդումներն առ այն, թե Միացյալ Նահագները հանուն էներգետիկական շահերի ժողովրդավարությունն են զոհում: «Դա այդպես չէ: Մենք Ադրբեջանից նավթ եւ գազ գնելու մտադրություն չունենք: Պարզապես ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ Եվրոպայի գազային շուկայում Ռուսաստանի մենաշնորհը թույլացնել», - շեշտել էր Ռիչարդ Մորնինգսթարը:




























