Թբիլիսիի քաղաքապետարանի «Քարվասլա» պատմության թանգարանում, մայիսի 18-ին, կայացել է «Հին եւ նոր Հայաստանը» խորագրով միջոցառում, որը կազմակերպել էր «Կովկասյան տուն» մշակութային կապերի կենտրոնը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ, «Գարի Դավթյան» տուն-թանգարանի եւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Միջոցառումն անցկացվեց «Կաուկուլտ» ծրագրի շրջանակներում: 

Մշակութային միջոցառման ընթացքում ներկայացվել է Կիլիկիայի եւ Անիի ժամանակաշրջանը պատկերող ֆոտո-ցուցահանդես, որի հեղինակներն էին լուսանկարիչներ Յուրի Մեչիտովը, Մայա Դեիսաձեն եւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:

Երեկոյին թատերական բեմադրությամբ հանդես են եկել թբիլիսահայ եւ վրացի դերասաններ՝ ներկայացնելով անտիկ Հայաստանի պատմությունից դրվագներ՝ ստեղծելով այդ ժամանակաշրջանին հատուկ մթնոլորտ: Բեմադրության ընթացքում պարային համարներով ելույթ ունեցան Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի մենապարուհի Ժակլին Սարկոշյանը, «Բարեկամություն» անսամբլի մենապարող Կարեն Մակինյանը եւ «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարային համույթը: Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառման բեմադրության երաժշտական մասում ժամանակակից, կրոնական եւ ազգային կատարումներով հանդես եկան թբիլիսաբնակ Նինա Կարապետյանը, Նադին Զաքարյանը եւ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախումբը: 

«Հին եւ նոր Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, դիվանագետներ, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի հոգեւոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, թբիլիսահայ մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենցը), Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր:

«Կաուկուլտ» ծրագիրը, հանդիսանալով միջազգային, միջմշակութային ծրագրի մաս, նպաստում է տեղի մշակութային մտահաղացումների իրականացման, մասնավորապես՝ Հարավային Կովկասում էթնիկ, կրոնական եւ մշակութային բազմազանությունների ամրապնդման եւ զարգացման գործընթացին: