Մանհեթթենի 62-ամյա մի բնակիչ դատի է տվել քաղաքի իշխանություններին, NYC Transit ընկերությանը, Au Bon Pain խանութին, երկու տեղական հիվանդանոցների եւ վերջապես մի լատինաամերիկացու` շան հետ միասին: Փոխհատուցում պահանջող տղամարդը որոշել է չմանրանալ եւ միանգամից երկու ունդեցիլիոն դոլար պահանջել:

Անտոն Պուրիսման, որ դատարանում ինքն է իր շահերը պաշտպանելու, ասում է, որ ավելի շատ մաթեմատիկոս է, քան` փաստաբան: 22 էջանոց բողոքն անթերի է լրացված, փոխհատուցման պահանջի վերաբերյալ գրառումն էլ ճիշտ է` երկու թվին 36 հատ զրո է հաջորդում, սակայն իրավաբանական տեսանկյունից փաստաթուղթը «հեքիաթի հասնող թեթեւամտությամբ» է կազմվել, նշում է Mail Online-ը:

Բողոքի տեքստում հայցվորը քաղաքացիական իրավունքների ոտնահարման եւ մահափորձի վերաբերյալ ամենատարբեր եւ աբսուրդի հասնող մեղադրանքներ է ներկայացնում պատասխանող կողմին: Համեմատության համար ասենք, որ Միացյալ Նահանգների տարեկան բյուջեն ընդամենը 17 տրիլիոն դոլար է կազմում, այսինքն 17 եւ 12 հատ զրո:

Հայցվորը մասնավորապես պնդում է, որ ավտոբուսում ինչ-որ շուն կծել է նրա մատը: Տղամարդը, վարակից զգուշանալով, հիվանդանոց է շտապել: Տեղական բժշկական հաստատությունում անալիզներ տալու ժամանակ մի չինացի զույգ, առանց թույլտվություն ստանալու, լուսանկարել է նրան: Հայցում նշվում է, որ պատճառվածը ցավը եւ վնասը չեն կարող գումարով չափվել, քանի որ անգին են: Որպես ապացույց նրա արյունոտ մատի լուսանկարն է բերվում: