«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցները պետք չէ քաղաքականացնել, Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը դրա հետ կապ չունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Պետք չի իրադարձությունը քաղաքականացնել: Իրադարձությունն ունի մասնակիցներ, եթե ինքը մասնակցած լիներ, ես՝ որպես պատգամավոր կարծիքս կասեի, տեսակետ կհայտնեի, բայց միջադեպ ա, շատ վատ միջադեպ ա, հասարակական հնչեղություն ունեցող, վատ հետեւանքներով, բայց պրիչյոմ տուտ խմբակցությունը: Եկել են աղջկան ուզելու, ասել ա՝ հա համաձայն եմ, ամուսնացրել ա, հիմա պրիչյոմ Վերնիսաժը, կրակոցները մեր խմբակցության հետ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ հնարավոր է՝ Կարո Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվի՝ Արսենյանը պատասխանեց. «Ինչի՞ Կարապետյանին չեք հարցնում, ես ի՞նչ իմանամ, իր հետ չեմ խոսել»:

Հարկ է նշել, որ մայիսի 17-ին դեպքից ընդամենը րոպեներ անց «Յուվեցի Կարոն» NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Վրաստանից վերադառնում է Հայաստան: Դրանից հետո արդեն ԲՀԿ-ական պատգամավորը հեռախոսազանգերի չի պատասխանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 17-ին, ժամը 13:30-ի սահմաններում «Վերնիսաժի» մոտ հնչել են կրակոցներ, կան 5 վիրավորներ, որոնց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ականատեսները NEWS.am-ին հայտնել էին, որ վիրավորվածների մեջ կան նաեւ պատահական անցորդներ, իսկ մինչեւ կրակոցը լսել են վեճի ձայներ, որից հետո հնչել է 7-8 կրակոց:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա ձերբակալված է: