Ի՞նչ կարող են անել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում: Հարցը ադրբեջանական լրատվամիջոցներն են բարձրացնում:

Ինչպես «Թուրան» գործակալությունն է հաղորդում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այսօր, դիտարկման ընթացքում հատելով ղարաբաղյան հակամարտության շփման գիծը, Բաքու են ժամանել:

Գործակալությունը հարց է բարձրացնում` ո՞ւմ հետ են Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու: Սովորաբարար հանդիպումները նախագահի եւ ԱԳ նախարարի հետ են լինում, «սակայն երկուսն էլ, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովին իրենց հետ վերցնելով, Վիետնամ են մեկնել», - արձանագրում է «Թուրանը»: Իսկ վաղը նախագահի` Չինաստան պաշտոնական այցն է սկսվում:

Այսպիսով, այնքան էլ պարզ չէ, թե համանախագահներն ինչ են անելու Բաքվում եւ ում հետ են խոսելու: Գործակալության թղթակիցն իր հարցին բավարարող պատասխան նույնիսկ երկրի ԱԳ նախարարությունից չի ստացել: Մինսկի խմբի համանախագահների պատվիրակության կազմում Բաքվում է գտնվում նաեւ Ֆրանսիան ներկայացնող նոր համանախագահ Պիեր Անդիոն, ով պետք է Ժակ Ֆորին փոխարինի: