Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը Մոսկվային քաղաքական երկխոսության վերադանալու եւ հաջորդ շաբաթ Ռուսաստան-դաշինք խորհրդի նիստ գումարելու առաջարկ է հղել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Բրյուսելը պատրաստ է Մոսկվայի հետ քաղաքական երկխոսության, ասել է նա` հիշեցնելով, որ ավելի վաղ դաշինքը երկակի որոշում էր կայացրել: Մի կողմից, դադարեցվել էին բոլոր գործնական հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն, մյուս կողմից էլ, Ռուսաստան-Հյուսիսատլանտյան դաշինք խորհրդի շրջանակում քաղաքական եւ դիվանագիտական երկխոսության համար կապուղի էր թողնվել:

Ռասմուսսենը հայտարարել է, որ Ռուսաստանի` Ուկրաինայի ուղղությամբ ձեռնարկված քայլերն արմատականորեն փոխել են Եվրոպայի անվտանգության պատկերը եւ հիշեցրել, որ ավելի քան 20 տարի դաշինքում համարում էին, որ «Ռուսաստանի կողմից անմիջական սպառնալիք այլեւս գոյություն չունի»: Իսկ ներկայումս Ռուսաստանի պաշտպանական դոկտրինայի` դաշինքը որպես հակառակորդ ընդունելու բովանդակությունն է աչքի զարնում: