«Հարսնաքարի» գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մորը` Նունե Մարգարյանին, այսօր` մայիսի 19-ին, հրավիրել են ոստիկանության Նոր Նորքի վարչական շրջանի քննչական բաժին եւ տեղեկացրել, որ իր դեմ գործ է հարուցվել «Հարսնաքարի» գործով վերջին դատական նիստին դատարանի հանդեպ անհարգալի վերաբերմունք ցույց տալու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նունե Մարգարյանը:
«Ես իրենց ասեցի՝ իմ տղուն վիրավորանք հասցնեն, 12 տարի անմեղ տեղը դատապարտեն, ես բա ի¬՞նչ պիտի անեի: Իմ տղեն ասում ա՝ իմ ձեռքի վրա արյուն չկա, իմ հոգին մաքուր ա, բա ո՞նց են ուզում՝ դրանից հետո ես ի՞նչ անեի, դատարանում վճիռը լսելուց հետո ծափահարե՞ի: Տղուս հետեւից են ընկե,լ հիմա էլ մորն եք բան անում, ասեցի՝ թե՞ ուզում եք՝ ես ինձ վնաս տամ: Ասում են յանի Տիգրան Եգորյանին եմ վիրավորել»,- բարկացած պատմեց Նունե Մարգարյանը։
Տիկին Մարգարյանի խոսքով, ինքը Ոստիկանությունում որեւէ թութղ չի ստորագրել եւ ոչինչ չի գրել. նա հանրային փաստաբան է պահանջել. «Ասեցին՝ եղելությունը գրի, ես չգրեցի, ասեցի, որ մինչեւ փաստաբան չլինի, չեմ գրի: Գումար չունեմ, որ փաստաբան վարձեմ, պետք ա հանրային փաստաբան հատկացնեն ինձ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել 6 մարդու՝ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին, որոնց թվում են նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները: 2013թ. մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը բոլոր 6 ամբաստանյալներին դատապարտել էր 12 տարվա ազատազարկման։ Վճռի հրապարակումից հետո դատապարտյալների հարազատները սկսել էին վիրավորել լրագրողներին եւ տուժողի իրավահաջորդի փաստաբաններին, Նունե Մարգարյանը պայուսակը նետել էր փաստաբան Տիգրան Եգորյանի ուղղությամբ։





























