Ռուսաստանը եւ Չինաստանը դեռեւս վերջնական համաձայանության չեն եկել ռուսական գազի` ՉԺՀ արտահանման պայմանների շուրջ: Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինի` Շանհայ ընթացիկ այցի կուլիսներում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Սակայն, նրա խոսքով, բանակցությունները շարունակվում են, եւ պայմանագիրը ցանկացած պահի կարող է ստորագրվել: «Նշանակալի առաջընթաց արդեն ձեռք է բերվել, բայց գնի շուրջ դեռեւս որոշ պայմանավորվածությունների կարիք կա», - Պեսկովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը:
Ռուսական գազի` ՉԺՀ արտահանման մասին պայմանագրի ստորագրումը նախագահ Պուտինի` Չինաստան երկօրյա այցի կուլմինացիան կդառնա: Երկու երկրների միջեւ հիշյալ ուղղությամբ տարվող բանակցություններն արդեն 20 տարվա պատմություն ունեն: «Գազպրոմ» կոնցեռնը մայիսի 18-ին հայտարարել է, որ 30 տարով մատակարարումներ ենթադրող պայմանագիրը ստորագրման եզրին է:
Ռուսաստանը մտադիր է տարեկան 38 մլրդ խ.մ. գազ հատկացնել Չինաստանին: Հիշյալ ծավալը ՉԺՀ-ի պահանջարկի քառորդ մասն է կազմում:





























