Այս պահի դրությամբ չի քննարկվել հարցը՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կլքի «Ժառանգություն» կուսակցության ղեկավարի պաշտոնը, թե ով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր հետագա քայլերը կպարզաբանի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ 1991-ից ի վեր լրատվամիջոցներով բազմիցս տեղեկություն է շրջանառվել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը լքում է Հայաստանը: «Ժամանակը ցույց տվեց, որ դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը»,-ընդգծել է Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է սպասվող փոփոխություններին, «Ժառանգության» փոխնախագահը նշել է, որ հունիսի 28-ին տեղի կունենա իրենց կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նոր վարչություն կընտրվի:

Հիշեցնենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի, «Ժառանգություն» կուսակցության համագումարում կտրուկ փոփոխություններ, նորություններ, նաեւ անակնկալներ են սպասվում:

«Դրանցից մեկը լինելու է Րաֆֆու հեռանալը Հայաստանից, ինչպես պնդում են մեր աղբյուրները: Երկրորդը՝ նոր նախագահի ընտրությունը: Մեր տեղեկություններով, նախագահի երկու թեկնածու է առաջադրվելու՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ հատուկ ծրագրերի պատասխանատու Լուսինե Պետրոսյանը: Երեկ «կուլիսային» լուր ստացանք նաեւ այն մասին, որ հարցականի տակ է «Ժառանգության» հնաբնակ, կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի ներկայությունն այս կուսակցության շարքերում: Նա հիասթափված է կուսակցությունից: Չի բացառվում, որ հեռանա կուսակցության շարքերից եւ այդ մասին հայտարարի առաջիկա համագումարի ժամանակ, որից հետո սեփական քաղաքական-վերլուծական կենտրոնը հիմնադրի: