Ադրբեջանի լրտեսամոլությունը սպառնալի չափերի է հասնում: Այս անգամ «լրտեսների» շարքին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է դասվել:

haqqin.az կայքի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցին անվտանգության եւ պաշտպանության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը «խիստ քննադատության է ենթարկել Կարմիր խաչի կազմակերպությանն այն բանի համար, որ վերջինս մարդասիրական գործունեության դիմակի տակ Ադրբեջանում լրտեսական գործունեություն է ծավալում»: «Հարկավոր է խստացնել Ադրբեջանում լրտեսության համար նախատեսված պատիժը եւ ավելի ուժեղ պայքար ծավալել այդ երեւույթի դեմ», - հայտարարել է նա:

Քննադատությունից անմասն չի մնացել նաեւ ամերիկյան դեսպանը: «Հապա Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին նայեք: «Ազադլըգ» ռադիոյին տված հարցազրույցին մեկ բան է ասում, մյուս լրատվամիջոցների հետ շփումների ընթացքում` բոլորովին այլ: Դա Ադրբեջանը Ռուսաստանին հակադրելու նպատակ է հետապնդում», - հայտարարել է Զահիդ Օրուջը: