Եթե Ղարաբաղը Ադրբեջանին հանձնի Քարվաճառի շրջանը, նա լրիվ կարող է թունավորված ջուր ստանալ իր եւ Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը՝ մեկնաբանելով ԼՂ խնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումները:

Նրա կարծիքով՝ չէր խանգարի, եթե Ղարաբաղի բնակիչները ամեն անգամ ընդունեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին նույնքան «ջերմ», որքան վերջին անգամ, երբ նրանք փակել էին համանախագահների մեքենայի ճանապարհը Բերձորում: «Թող ամեն անգամ նրանք այդպիսի ընդունելության արժանանան, որպեսզի հասկանան, որ Արցախի բնակիչների ձայնը պետք է լսվի»,-ասել է նա:

Եսայանի կարծիքով՝ չի կարելի չհամաձայնել, որ 1988-ի կարգավիճակին վերադարձը ոչ թե փոխզիջում է, այլ կապիտուլյացիա: «1992-ին, 1993-ին, 1995-ին այս մասին խոսվել է, բայց հիմա մեզ համար դա անընդունելի է»,-հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը:

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի ջրային ռեսուրսների 80 տոկոսը սկիզբ է առնում Քարվաճառի եւ Շահումյանի շրջաններից, նաեւ Հայաստանի հարավից: «Ոչ ոք չի կարող մեզ վստահեցնել, որ հարեւան հանրապետությունը, որը ֆաշիզմի կուրս է որդեգրել, չի փորձի թունավորել այդ ռեսուրսները, ինչպես մի անգամ արդեն փորձել են»,-ամփոփել է Մարգարիտ Եսայանը: