Ավստրիայի իշխանությունները որոշել են 36 եվրոյով տուգանել աղավնիներին կերակրողներին: Վիեննայի քաղխորհրդի ներկայացուցիչների խոսքով՝ նման քայլի դիմելու պատճառը թռչունների կողմից մշակութային օբյեկտները փչացնելու սուր խնդիրն է:

 Քաղաքում հատուկ հսկիչներ են հայտնվել, որոնք հետեւում են թռչուններին կերակրելու փորձ անողներին կամ իրենց կենդանիների կերի մնացորդը չհավաքողներին: Պաշտոնյաների պնդմամբ՝ թռչուններին կերակրողները նաեւ առնետներին են կերակրում: Ըստ նրանց՝ կերի մնացորդներով սնվում եւ բազմանում են Վիեննայում վերջերս շատացած առնետները:

Ավստրիան առաջին անգամ չի բախվում այս խնդրին: 1970 թ. երկրի քաղաքներում գրանցվել էր աղավնիների ռեկորդային քանակություն: Այն ժամանակ առաջին անգամ խիստ միջոցներ էին ձեռնարկել, ընդհուպ՝ թռչունների ոչնչացում: Այժմ նման մեթոդների աշխատում են չդիմել: Այնուամենայնիվ, քաղաքի իշխանությունները մեծ աղավնատուն են կառուցել, որտեղ թռչուններին կերակրում են հատուկ հավելանայութերով կերով՝ «քիմիական ամորձատման» համար, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: