Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կոչ է արել Ասիայի անվտանգության եւ զարգացման կազմակերպություն (ԱԱԶԿ) ստեղծել: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Շանհայում Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդի IV գագաթաժողովում:
«ԱԱԶԿ-ն պետք է առողջ մրցակցություն ստեղծի ԵԱՀԿ-ի հետ», — Նազարբաեւի խոսքերն է փոխանցում «Ղազախստանի նորությունները»:
Նազարբաեւն ընդգծել է, որ 6 տարի առաջ սկսված ճգնաժամը առայսօր հաղթահարված չէ եւ խորանում է: Բացի այդ, նա ընդգծել է ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի՝ Մետաքսի ճանապարհի ենթակառուցվածքային ֆոնդ ստեղծելու գաղափարի կարեւոր նշանակությունը:
Ղազախստանի նախագահը նաեւ նշել է, որ «Եվրասիական միությունը Ասիայի եւ Եվրոպայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման կամուրջ կդառնա»:
Հավելենք, գագաթաժողովի ընթացքում Չինաստանը ստանձնել է Ասիայում փոխգործակցության եւ վստահության միջոցների խորհրդի 2014-2016թթ. նախագահությունը՝ փոխարինելով Թուրքիային:





























