Եկել է Հարավային Կովկասը խաղաղության, զարգացման եւ կայունության տարածաշրջանի վերածելու ժամանակը, մայիսի 21-ին  «Եվրամիության ընդլայնման 10-րդ տարեդարձ» խորագրով  հանրային քննարկման շրջանակում լրագրողներին  ասել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանն ընդգծել է, որ ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի մասին խոսք լինել չի կարող, դա անընդունելի է: Անդրադառնալով Ադրբեջանի վերջին հայտարարություններին, ինչպես նաեւ Բաքու ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների  այցի ժամանակ այդ երկրի նախագահի եւ արտգործնախարարի բացակայությանը՝ Ռենոն նշել է. «Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ ԵԱՀԿ ՄԽ-ի տարածաշրջանային այցը: Ես ընդամենը ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հրադադարի 20-ամյակի կապակցությամբ արված համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ նշվել էր վստահության մթնոլորտ ստեղծելու կարեւորությունը՝ Մադրիդյան  երեք իրավահավասար սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի խնդիրը խաղաղ լուծելու համար»: Սակայն, ցավոք, ըստ դիվանագետի, 20 տարի առաջ հրադադարի  վերաբերյալ կնքված պայմանագիրը  չկարգավորեց իրավիճակը. հիմնախնդիրը մինչեւ հիմա գոյություն ունի:

«Կարծում եմ՝ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, բոլոր ջանքերը կգործադրի իր առաքելությունը շարունակելու, այսինքն՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընդունելի լուծման հնարավոր տարբերակներ որոնելու ուղղությամբ: Ֆրանսիայի այս պատրաստակամության մասին քաջատեղյակ է Հայաստանի եւ Ադրբեջանի բարձր ղեկավարությունը», - նշել է Անրի Ռենոն՝ հավելելով, որ այս պատրաստակամությունն առաջին հերթին կդրսեւորվի ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում, եւ, բնականաբար,  ԵՄ լիազոր մարմիններին օժանդակությամբ: