Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հույս ունի, որ Մոսկվան չի դադարեցնի գազի մատակարարումը, քանի դեռ եռակողմ բանակցություններ են ընթանում Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Այս մասին նա գրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում՝ արձագանքելով նրա մայիսի 14-ի նամակին:
Բարոզուն նշել է, որ կողմերը արդեն սկսել են բանակցությունները, որոնց առաջին փուլը կայացել է մայիսի 2-ին Վարշավայում, եւ ընդգծել, որ շատ կարեւոր է համարում կողմերի մասնակցությունը այդ գործընթացին եւ գազի ապագա գնի շուրջ համաձայնությունների կայացմանը՝ ելնելով շուկայական արժեքից:
«Քանի դեռ բանակցություններ են ընթանում, գազի մատակարարումները չպետք է դադարեցվեն: Ես հույս ունեմ, որ ՌԴ-ն կկատարի իր պարտավորությունները»,-գրել է նա:





























