Համացանցում LifeNews-ի`Ուկրաինայում կալանքի տակ պահվող լրագրողներից մեկի` Մարատ Սայչենկոյի տեսաուղերձն է հայտնվել: Հեռուստաալիքի ղեկավարությունը չի բացառում, որ ձայնագրությունը կատարելիս նրա նկատմամբ ճնշում է գործադրվել:
«Միանշանակ պարզ չէ, թե ով է տեսանյութը տեղադրել, բայց կարծում եմ` խոսքը Ուկրաինայի անվտանգության ծառայության մասին է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին իր տեսակետն է հայտնել LifeNews-ի գլխավոր տնօրեն Աշոտ Գաբրելյանովը: Տեսաուղերձում Մարատ Սայչենկոն խոսում է այն մասին, թե իբր, ուկրաինական օրենդրության խախտմամբ, երկրի սահմանը հատելիս հեռուստաալիքի կողմից գործուղված խմբի անդամները չեն նշել, որ լրագրողներ են:
Գաբրելյանովը նշել է, որ «ուկրաինական իշխանություններն այսօր իրենք են լրագրողների` այդպիսի եղանակով սահմանը հատելու համար պայմաններ ստեղծել», այուամենայնիվ, հավելելով, որ թղթակիցները բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեցել են:
Հեռուստաալիքի գլխավոր տնօրենը չի բացառել, որ լրագրողը հատուկ միջոցների ազդեցությամբ է հիշյալ հայտարարությունը արել: «Նրանց մոտ ոչ փաստաբաններ են եղել, եւ ոչ էլ` միջազգային դիտորդներ: Այնպես որ հնարավոր է` թմրամիջոցների ազդեցության տակ լինեն», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Օլեգ Սիդյակինը եւ Մարատ Սայչենկոն ուկրաինական ուժայինների կողմից Կրամատորսկի մոտ են կալանքի տակ վերցվել:











