Ուկրաինայի խնդրով Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու Արեւմուտքի գաղափարին կողմ է արտահայտվել ամերիկացի հայտնի քաղաքագետ, նախագահ Ջիմի Քարթերի աշխատակազմի ազգային անվտանգության նախկին խորհրդական Զբիգնեւ Բժեզինսկին:
«Ես կողմ եմ Ռուսաստանի հետ գաղտնի բանակցություններ վարելուն», - ասել է Բժեզինսկին ֆրանսիական «Էքսպրես» ամսագրին:
Խոսելով Ուկրաինայի ապագայի մասին՝ քաղաքագետը նշել է, որ «այն կարող է իր ապագա գոյությունը դիտարկել որպես եվրոպական երկիր՝ առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու»: «Ուկրաինան կարող է նաեւ տնտեսական կապեր պահպանել Եվրասիական միության հետ, որի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է գալիս Ռուսաստանը», - նշել է Բժեզինսկին:
Պատասխանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ հարցին՝ Բժեզինսկին հիշեցրել է, որ «դրա բնակչության զգալի մասը չի ցանկանում, որպեսզի երկիրը անդամակցի այդ կազմակերպությանը»:
«Բացի այդ, Ռուսաստանը դա կընկալեր որպես մարտահրավեր», - նշել է փորձագետը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























