Մի շարք ռուսական տեղեկատվական գործակալություններ հաղորդում են, որ «Աերոֆլոտը» «ՅուԹեյր» ավիաընկերության բաժնետոմսերի մի մասը գնելու առաջարկ է ստացել: Նախաձեռնությունը «բարձրաստիճան անձանց» է պատկանում: Իրենք` փոխադրողները, շրջանառվող լուրերի վերաբերյալ մեկնաբանություն չեն տալիս:

Համաձայն տեղեկությունների, «Աերոֆլոտն առաջին անգամը չէ նման առաջարկ ստանում»: Ընկերությունը դեռ անցյալ տարի էր «ՅուԹեյրը» գնելու մասին մտմտում, սակայն ի վերջո հրաժարվել էր գործարքից: Հաղորդվում է, որ հիմա արդեն փոխադրողը լուրջ է վերաբերվում հարցին եւ արդեն Bain&Company խորհրդատվական ընկերության օգնությանն է դիմել:

«Պրոֆիլային շուկան ներկայացնող աղբյուրի» վկայակոչմամբ, լրագրողները նշում են, որ «ՅուԹեյրի» ռեգիոնալ փոխադրումները կարող են անհետաքրքիր լինել «Աերոֆլոտի» համար:

Նշենք, որ «ՅուԹեյրի» գլխավոր տնօրենը Անդրեյ Մարտիրոսովն է: