Այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են ներկայացնում գործատուներին, եւ գործատուներն դրա հիման վրա իրականացնում են այդ պահանջը, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ: Այդ մասին Ազգային Ժողովում ասել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով կենսաթոշակային կուտակային բարեփոխումների մասին հարցին:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր հարցում ընդգծել էր, թե շատ քաղաքացիներ մտահոգություն են հայտնում օրենքի չկիրարկման հետ կապված, մասնավորապես նշվում է, որ կրթության ոլորտում շատ կազմակերպություններ նախկինում ստացել են ԿԳՆ շրջաբերականը կուտակայինի վերաբերյալ, բայց այն այժմ օրինական ուժ չունի: Ըստ Մինասյանի, այդ հարցում հստակեցումը անհրաժեշտ եւ կարեւոր է:
«Այն վարձու աշխատողները, ովքեր չեն ցանկանում, որ իրենց աշխատավարձից պահումներ կատարվեն, դիմում են ներկայացնում գործատուներին, եւ գործատուներն դրա հիման վրա իրականացնում են այդ պահանջը, այն է` չեն պահում, չեն փոխանցում այս ժամանակահատվածում, քանի դեռ չկա նոր օրենսդրական փաթեթ, դեռեւս չի հաստատվել ամբողջական նոր փաթեթը»,- նշել է Արտեմ Ասատրյանն ու հավելել. «Ներկայումս վարչապետի հանձնարարականի համաձայն` ՊԵԿ կողմից իրականացվում են էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված համակարգի գործարկման աշխատանքները, որ դիմումների ընթացքին նաեւ տեխնիկական առումով պատշաճ ընթացք տրվի»:
Նախարարը նաեւ նշել է, թե շրջաբերականը թյուրիմացաբար էր գնացել կրթական հաստատություններ, եւ կազմակերպություններին ներկայացվել է կառավարության նոր դիրքորոշումը:





























