Իրավապաշտպանները Մոսկվայում «Սոչիի օլիմպիական խաղերը` ցանկացած գնով» վերտառությամբ զեկույցն են ներկայացրել, որի հիմքում միջոցառմանն ընդառաջ` նախապատրաստական աշխատանքների ընթացքում աշխատանքային միգրանտների իրավունքների ոտնահարման վերաբերյալ ստացված բազմաթիվ բողոքներ են:

Հաղորդվում է, որ 2012-14թթ. «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի «Միգրացիա եւ իրավունք» ցանցի` Սոչիում գտնվող գրասենյակներին ավելի քան 1,5 հազար աշխատանքային միգրանտներ են դիմել` իրավունքների ոտնահարման բողոքով:

Զեկույցում նշվում է, որ հիշյալ ներգաղթյալների մի մասը դեռեւս աշխատավարձ չի ստացել, իսկ նրանց անբարեխիղճ գործատուներն էլ շարունակում են խուսափել պատասխանատվությունից:

Ներգաղթյալների խնդիրների թվին են դասվում նաեւ աշխատանքային եւ բնակպայմանները, ոչ օրինաչափ վերաբերմունքը` իրավապահ մարմինների կողմից, նրանց անմարդկային եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող արարքներն ու դատական պաշտպանություն ստանալու իրավունքի բացակայությունը: