Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պատրաստ է վճարել անցած տարի հուլիսի 13-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 18 քաղաքացիների հարազատների՝ հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին ներկայացված փոխհատուցման գումարը: Այս մասին NEWS.am-ին ասաց Հրաչյա Հարությունյանի աներ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Դատերին Հրաչյային բերում տանում են, չենք հասկանում, թե ինչ է կատարվում: Հիմա էլ մահացածների հարազատները փոխհատուցում են պահանջում, բավականին մեծ գումար, ասում են՝ Արա Աբրահամյանն ասել է, որ պատրաստ է ծախսերն իր վրա վերցնել»,- ասաց նա:
Վիկտոր Մարտիրոսյանի խոսքով՝ արդեն տեւական ժամանակ իրենք չեն կարողանում խոսել Հրաչյա Հարությունյանի հետ, որովհետեւ ազատամարտիկի մոտ հեռախոս չեն թույլատրում:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Մերձմոսկվայում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը, որը լի է եղել մանրաքարով, բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել է 18 մարդ: Ինքը Հարությունյանը հրաշքով էր ողջ մնացել:
Հարությունյանը լիովին խոստովանել էր իր մեղքը եւ համաձայնել, որ սխալ որոշում է կայացրել ու խախտել երթեւեկության կանոնները՝ փորձելով կանգնեցնել մեծ թափ հավաքած ավտոմեքենան, որի արգելակներն անսարք են եղել: Նրան մեղադրանքներ էին ներկայացվել Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով: Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել: Նախորդ դատական նիստին Հրաչյա Հարությունյանը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, բայց հերքել է կեղծ փաստաթուղթ օգտագործելու մասին ներկայացված մեղադրանքը:





























