Մայիսի 22-ի առավոտյան, ժամը 3:00-4:00-ի սահմաններում Օլգինկա ավանի շրջանում տեղակայված ուկրաինական զինվորականների անցակետի ուղղությամբ հարձակում է իրականացվել: Այս մասին Ուկրաինայի նախագահի թեկնածու Ռենատ Կուզմինի նախընտրական շտաբին վկայակոչելով ՈւՆՆ գործակալությունն է հաղորդում:
Օլգինկա եւ Ուգլեդար բնակավայրերի շրջանում ընթացող ծանր մարտների մասին հաղորդող ականատեսների` Դոնեցկի մարզի բնակիչների վկայությամբ, անցակետին մեքենաներ են մոտեցել, որոնց միջից դիմահար կրակ է բացվել զինվորականների ուղղությամբ: Նախնական տվյալներով, միջադեպի արդյունքում 30-36 զինվորական է մահացել: Ավելի քան 30 վիրավորների հիվանդանոց են տեղափոխել:
«Գրոհը երկու ուղղաթիռներով էր ուղեկցվում, իսկ մեքենաների վրա, համաձայն վկայությունների, «Պրիվատբանկի» պատկերանշաններն են եղել: Ողբերգության վայրի ուղղությամբ մինչ այժմ էլ շտապ օգնության մեքենաներ են ընթանում: Բժշկական անձնակազմը չի հասցնում վիրավորներին տարհանել: Զանգեր են ստացվել նաեւ Ուգլեդար ավանից, որտեղ նույնպես գրոհայինների` անցակետի ուղղությամբ հարձակում է իրականացվել: Արդյունքում եւս 3 զոհ կա», - հաղորդել են շտաբից:
Ուկրաինական «Տեղեկատվական դիմադրություն» խմբի համակարգող Տիմչուկի հաղորդմամբ, Ռուբեժնոյե եւ Վոլնովախա քաղաքների շրջանում ահաբեկիչների եւ ազգային գվարդիայի մարտիկների միջեւ բռնկված ընդհարումների արդյունքում առնվազն 8 ուկրաինացի ուժայիններ են զոհվել, եւս 18-ը վիրավոր են:





























