Թաիլանդի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Փրայութ Չան-Օչան հայտարարել է, որ երկրում իշխանությունը զինվորականների ձեռքն է անցել: Գեներալը խոստացել է, որ բանակայինները կվերականգնեն կարգ ու կանոնը երկրում եւ քաղաքական բարեփոխումներ կիրականացնեն, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Թաիլանդի զինված ուժերը բարի մտադրություններով` հանուն երկրում խաղաղության եւ հանգստության ապահովման, իրենց վրա են վերցնում կառավարության գործառույթները», - հայտարարել է նա ժողովրդին հասցեագրված հեռուստաուղերձի ընթացքում:
Հիշեցնենք` մայիսի 20-ին Թաիլանդի բանակի հրամանատարությունը, «օրինականության եւ կարգուկանոնի պահպանման նպատակով», երկրում ռազմական դրություն մտցնելու մասին որոշում էր կայացրել:
Հիշյալ քայլը կառավարության եւ ընդդիմության միջեւ արդեն մի քանի ամիս ձգվող քաղաքական հակամարտության ֆոնին էր ընդունվել:
Մայիսի 7-ին Թաիլանդի սահմանադրական դատարանը վճիռ էր հրապարակել առ այն, որ երկրի վարչապետ Յինգլակ Չիննավատը, իրեն վստահված իշխանությունը չարաշելու համար, պետք է հրաժարական տա:





























