Երեւանի եւ Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանը:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երեւանի ու Ռիգայի միջեւ ձեւավորված փոխգործակցությունն իսկապես հաջողված է ու հաստատված բարեկամական ջերմ հարաբերություններն էլ լավ հիմք են նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար. «Վերջին տարիներին հաճախակի դարձած երկկողմ այցերը նոր թափ են հաղորդել Երեւանի եւ Ռիգայի միջեւ բարեկամական ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, որը հիմնված է մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության վրա: Երկու մայրաքաղաքների միջեւ հարաբերությունները տարեցտարի ավելի զարգանում ու ընդլայնվում են, եւ ես վստահ եմ, որ մենք կկարողանանք կյանքի կոչել եղբայրացման մասին համաձայնագրով նախանշված բոլոր կետերն ու իրականացնել տարբեր ծրագրեր՝ ի բարօրություն մեր մայրաքաղաքների»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին, կարեւորելով Երեւանի եւ Ռիգայի միջեւ համագործակցության ամրապնդումը, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում եւս ըստ ամենայնի աջակցել երկու մայրաքաղաքների միջեւ առկա փոխգործակցությունն ավելի ընդլայնելու հարցում. «Երեւանի եւ Ռիգայի համագործակցությունն իսկապես կարելի է օրինակելի համարել: Երկու մայրաքաղաքների միջեւ ձեւավորված փոխգործակցությունն այսօր ամուր հիմքերի վրա է, եւ ես, պարոն քաղաքապետ, իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու քաղաքների համագործակցության շրջանակը»,- նշել է Էլիտա Գավելեն:
Հաշվի առնելով, որ Ռիգան այս տարի հռչակված է եվրոպական մշակութային մայրաքաղաք, դեսպանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ քննարկել է նաեւ այդ համատեքստում Երեւանում եւս լատվիական կողմի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մշակութային միջոցառում իրականացնելու հնարավորությունը, ինչին ի պատասխան ստացել է քաղաքապետի համաձայնությունը:





























