ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Կիպրոս այցի ընթացքում հանդիպել է հայ արքեպիսկոպոսի հետ:
Բայդենի հետ հանդիպմանը ներկա են եղել Կիպրոսի հոգեւոր համայնքների ներկայացուցիչները՝ արքեպիսկոպոս Քրիսոստոմոսը, մուֆթի Թալիփ Աթալայը, մարոնիթների արքեպիսկոպոս Ջոզեֆ Սուեիֆը, հայ արքեպիսկոպոս Վարուժան Գերգելյանը, ինչպես նաեւ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, փոխանցում է Cyprus Mail-ը:
Բայդենը ողջունել է հոգեւորականներին եւ լուսանկարվել նրանց հետ նախքան հանդիպումը, որը փակ էր լրագրողների համար:
Հրատարակչությունը փոխանցում է, որ հոգեւոր առաջնորդներն իրենց կարծիքն են հայտնել Կիպրոսի հարցի վերաբերյալ: Իր հերթին ԱՄՆ փոխնախագահը նրանց կոչ է արել շարունակել աշխատել միասին:
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահը Կիպրոս էր մեկնել մայիսի 22-ին:





























