ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկին արեւմտյան երկրներին զգուշացրել է զերծ մնալ Մոսկվայի հանդեպ հետագա պատժամիջոցների կիրառումից՝ մատնանշելով նրա դերը ուկրաինական ճգնաժամում:

BBC-ի հետ զրույցում  Խոդորովսկին Ուկրաինայում կատարվող դեպքերը բնորոշել է որպես դանդաղկոտ քաղաքացիական պատերազմ:

«Թե հետագայում այն որքան կզարգանա, իհարկե, ինչ-որ չափով կախված է Ռուսաստանից», - նշել է նա:

Սակայն Խոդորկովսկին չի կարծում, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է զորքեր մտցնել Արեւելյան Ուկրաինա:

Պուտինը  «կորցրել է վերահսկողությունը» հարեւան երկրում իրադարձությունների նկատմամբ, ասել է նա՝ հիշեցնելով Կրեմլի վերջին անհաջող փորձը Դոնեցկում եւ Լուգանսկում ռուսամետ անջատականների հանրաքվեն դադարեցնելու վերաբերյալ:

Ըստ Խոդորկովսկու՝ ԵՄ-ի առաջնորդները պետք է խուսափեն Մոսկվայի դեմ հետագա պատժամիջոցներից եւ իրենց ջանքերը կենտրոնացնեն Կիեւում բարեփոխումներին աջակցելու վրա: 

Ռուսաստանն էլ ավելի ավտորիտար կարող է դառնալ, ընդգծում է նա, եթե իրավիճակն Ուկրաինայում ավելի վատանա եւ Պուտինին հնարավորություն տա հանուն իր շահերի օգտագործել այդ երկրում իշխանության ճգնաժամը: