Forbes-ը ողբերգությունների եւ աղետների նվիրված ինը թանգարանների ցանկ է ներկայացրել եւ պարզել, թե ինչպես են այդ հաստատություններն այսօր աշխատում: Հիշյալ օբյեկտների ցանկում նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կա:

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը 1995թ.-ին` Թուրքիայիում հայերի ցեղասպանության 80-ամյակին է հիմնադրվել: Ծիծեռնակաբերդի բարձունքի լանջին կառուցված երկհարկանի շինությունը գրեթե ամբողջությամբ հողի տակ է գտնվում: Հաստատության ցուցանմուշների մեծ մասը 1915թ. Օսմանյան կայսրության տարածքում հայերի սպանությունների եւ տեղահանությունների մասին պատմող լուսանկարներ եւ այլ փաստագրական վկայություններ են:

Թանգարանը մի ողջ համալիրի մաս է կազմում, որի կենտրոնում 1967թ. կառուցված անմեղ զոհերի հուշարձանն է:  Ներկայումս, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, թանգարանը վերանորոգվում եւ համալրված ցուցադրության է պատրաստվում: 2015թ. ապրիլ ամսից թանգարան-ինստիտուտի դռները կրկին բաց կլինեն այցելուների առաջ», - գրում է Forbes-ը:

Բացի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Forbes-ի ցուցակում տեղ են գտել նաեւ «Սեպտեմբերի 11-ի հուշահամալիր-թանգարանը (Նյու-Յորք), Հոլոքոստի թանգարանը (Երուսաղեմ), Ջրային աղետների թանգարանը (Ղրիմ, գյուղ Մալորեչենսկոյե), Չեռնոբիլի թանգարանը (Կիեւ), ԳՈւԼԱԳ-ի թանգարանը (Մոսկվա), Խաղաղության հուշահամալիր-թանգարանը (Հիրոսիմա), «Տիտանիկ Բելֆաստ»-ը (Հյուսիսային Իռլանդիա) եւ Ապարտեիդի թանգարանը (Յոհաննեսբուրգ):