Թայլանդում հեղաշրջում հայտարարած զինվորականները սկսել են ձերբակալել կառավարության նախկին անդամներին: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, ձերբակալվել են աշխատանքի նախկին նախարար Չալերմ Յուբումրունգն ու նրա որդին: Յուբումրունգը վերջին շրջանում կառավարությունում համակարգում էր ուժային հատվածը:

Թայլանդի զինվորական ղեկավարությունը նաեւ հրահանգել է կառավարության նախկին անդամներին, այդ թվում՝ վարչապետին, ներկայանալ մինչեւ օրվա վերջ եւ անցնել բանակային հրամանատարության ենթակայության տակ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ավելի վաղ ռազմական հրամանատարությունը դադարեցրել էր սահմանադրության գործողությունն ու արգելել բոլոր հեռուստա- եւ ռադիոկայանների հեռարձակումը, բացառությամբ ցամաքային զորքերի հեռուստառադիոծառայությունից: