Ի հետեւանք Ադրբեջանի իշխանությունների` ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուկեին տրամադրված մոտքի արտոնագրի վերջին պահին չեղարկման, Վեհաժողովը որոշել է, 2014թ. հունիսի 1-ից սկսած, երկու տարիների ընթացքում, ոչ մի հանդիպում չկազմակերպել երկրի մայրաքաղաք Բաքվում: Այս մասին ԵԽԽՎ պաշտոնական կայքում տեղակայված հայտարարության մեջ է նշվում:

Ընդունելով հիշյալ որոշումը, Վեհաժողովի Բյուրոն նկատել է, որ Եվրոպայի Խորհրդի արտոնությունների եւ անձեռնմխելիության մասին գլխավոր համաձայնության, ինչպես նաեւ խորհրդարանականների անձեռնմխելիության սկզբունքն ու Խորհրդարանական Վեհաժողովի անդամների ազատ տեղաշարժը ամրագրող Փարիզյան արձանագրութան խախտում է տեղի ունեցել:

Այդուհանդերձ, ընդունված որոշումը կարող է չեղարկվել ԵԽԽՎ նախագահության կողմից, եթե Ադրբեջանի իշխանություններն այսուհետ Վեհաժողովի անդամների գործնական այցերի ընթացքում երկրի տարածքով ազատ տեղաշարժը երաշխավորեն:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հրարաժարվել էր մուտքի արտոնագիր տրամադրել Ռենե Ռուկեին, քանի որ նա որոշ ժամանակ առաջ, մի քանի ֆրանսիացի գործընկերների հետ միասին, «առանց Ադրբեջանի թույլտվության», Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղ էր այցելել: