Չինացի միլիարդատեր Լյու Հանը մահապատժի է դատապարտվել` հանցագործ խմբավորում կազմավորելու եւ սպանություններ պատվիրելու համար: Մահապատժի վճիռ է կայացվել նաեւ ձեռնարկատիրոջ կրտսեր եղբոր` Լյու Վեյի եւ ավազակախմբի երեք անդամների նկատմամբ:

Հանցագործ խմբավորման ավելի քան 30 անդամներ տարբեր պատժաչափերով ազատազրկման են ենթարկվել: Հիշյալ բոլոր վճիռները Սյաննին քաղաքի միջին ատյանի դատարանն է հրապարակել, Bloomberg հեռուստաալիքին վկայակոչելով, հաղորդում է Lenta.ru-ն:

Նախքան քրեական գործի հարուցումը Լյու Հանը «Հանլուն» լեռնարդյունաբերական կորպորացիայի կառավարման խորհրդի նախագահն էր եւ Չինաստանի 500 ամենահարուստ բնակիչներից մեկն էր համարվում:

Քննության տվյալներով, 1993թ. նա, իր եղբոր հետ մասին, հանցագործ խմբավորում է կազմել: Գործելով գլխավորապես Սիչուան նահանգի սահմաններում, ավազակախբի անդամները վերահսկել են տեղական ձեռնարկատերերի գործունեությունը եւ առնվազն ինը սպանություն իրականացրել: