Պաշտոնական տվյալներով, այս տարի Հայաստանի դպրոցների 12-րդ դասարաններում 25416 աշակերտ է սովորել:

Մայիսի 23-ին նրանք ավարտել են դպրոցը եւ ավանդական «վերջին զանգը» նշել: Շրջանավարտների ճնշող մասը (ավելի քան 17 հազար) 17 տարեկան է: Հետաքրքիր է, որ նրանցից 242-ն ընդամենը 15 տարեկան է: Թե ինչպես է այդպես ստացվել` պարզ չէ:

Հաշվետու ուսումնական տարում երկիրը 1433 գործող դպրոց է ունեցել (որոնցից 1388-ը` պետական), իսկ աշակերտների ընդհանուր թիվը 169,5 հազար է կազմել: Նշենք, որ անցյալ ուսումնական տարվա համեմատությամբ, այս ցուցանիշը գրեթե 5,5 հազարով նվազել է` Հայաստանից արտագաղթած ընտանիքների հաշվին:

Այս տարի 275 աշակերտներ սոցիալ-տնտեսական պատճառներով չեն շարունակել ուսումը դպրոցում: Ի հավելումն, 182 աշակերտների ծնողներ տարվա ընթացքում իրենց երեխաներին թույլ չեն տվել (արգելել են) դպրոցական դասընթացներին հաճախել: Նրանց փոխարեն այլ երկրներից Հայաստան ժամանած 51 աշակերտներ լրացրել են կրթազանգվածի ցանկը:

Գործող դպրոցներից 490-ը (ավելի քան 34 տոկոս) կապիտալ, իսկ 225-ը (գրեթե 16 տոկոս)` ընթացիկ վերանորոգման կարիք ունեն: Իսկ ահա 557 դպրոցներում (շուրջ 39 տոկոս) ձմեռային ամիսներին ջեռուցումը էլեկտրոնային տաքացուցիչների կամ փայտե վառարանների միջոցով է իրականացվում: Լավ պայմաններով դպրոցներ, իհարկե, կան, բայց նրանց թիվն անհամեմատ փոքր է: Օրինակ` տաք ջրամատակարարմամբ կրթական հաստատություններից միայն 93-ը կարող է պարծենալ: