Իրանի բանակը մայիսի 23-ին մեկնարկած «Բեյթ-օլ-Մոգադդաս» («Երուսաղեմ») զորավարժությունների ընթացքում նոր, այդ թվում` հրթիռային զինատեսակներ է փորձարկել: Իսլամական հանրապետության ցամաքային զորքերի ուսումնական վարժանքները Մարանջաբ անապատում (Իսպահան նահանգ)` բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանի հրամանատարությամբ են ընթանում:
Զինծառայողները հայրենական արտադրության «Ֆաջր» եւ «Նազաաթ» հրթիռներն են փորձարկել: Զորավարժություններին նաեւ առաջին անգամ նոր` կառավարվող հրթիռներով զինված հարվածային ուղղաթիռներ են ներկայացվել, իրանական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ուսումնական գործողություններին հրետանային, տանկային եւ օդա-դեսանտային ուժերի ստորաբաժանումներ են մասնակցում: Լայնորեն անօդաչու թռչող ապարատներ են կիրառվում:





























