Վրաստանի արտաքին պետական պարտքը` պետական երաշխավորագրերով ստացված վարկերի հետ միասին, 2014թ. ապրիլի 30-ի դրությամբ, համաձայն երկրի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալների, 4130,1 մլն ԱՄՆ դոլար է կազմել: Տարվա սկզբից ցուցանիշը նվազել է` ընդամենը 72 մլն դոլարով:

Հիշյալ գումարից 4057,2 մլն դոլարը երկրի կառավարության պարտքն է կազմում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանը 17 երկկողմանի վարկատու երկրների 802 մլն 641 հազար դոլար է պարտք, այդ թվում Հայաստանին` 14,2 մլն, Ադրբեջանին` 12 մլն, Թուրքիային` 22,9 մլն, Իրանին` 9,4 մլն, Ռուսաստանին` 98,5 մլն եւ Գերմանիային` 350,6 մլն դոլար:

Պետական արժեթղթերի` եվրոբոնդերի տեսքով պարտավորությունները 500 մլն դոլար են կազմում:

Վրաստանի վարկատուներ են հանդիսանում նաեւ մի քանի միջազգային հաստատություններ, որոնց նկատմամբ ընդհանուր պարտքը 2751,5 մլն դոլար է կազմում: Մասնավորապես` Համաշխարհային Բանկին` 1360,3 մլն, Ասիական զարգացման բանկին` 479,1 մլն, Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկին` 398,3 մլն դոլար:

Բերված տվյալներում պարտքի սպասարկման միջոցները ներառված չեն: