Գազի` եվրոպական երկների ուղղությամբ մատակարարման հետ կապված ռիսկերը տարանցիկ երկրի` Ուկրաինայի պատճառով են ծագել, քանի որ վերջինս հրաժարվում է, համաձայն նախապես կնքված պայմանագրի, ստացված գազի դիմաց պարտքերը մարել: Այս մասին Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հայտարարել:
Նախագահը նշել է, որ ռուսական կողմն իր գործընկերների «համարժեք, կշռված արձագանքին» է սպասում, որպեսզի հնարավորություններ ստեղծվեն աշխատանքներն ու բանակցությունները շարունակելու համար:
«Պարադոքսալ իրադրություն է ստեղծվել: Ուկրաինան ճանաչել է պայմանագիրը եւ մի քանի տարի շարունակ համաձայնության բոլոր պահանջներն ի կատար ածել, իսկ այսօր հրաժարվում է վճարում կատարել: Ասում են` Ուկրաինան ծանր տնտեսական դրության մեջ է: Դա մենք էլ գիտենք: Դրա համար էլ իսկական գործընկերոջ պես ենք պահում մեզ», - Ռոսբալտի վկայակոչմամբ, ընգծել է ՌԴ նախագահը:
Նա հիշեցրել է, որ Ուկրաինային 3 մլրդ ԱՄՆ դոլարի չափով վարկ եւ ընթացիկ եռամսյակի համար զեղչ է տրվել, որպեսզի երկիրը կարողանա պարտքերը մարել եւ զուգահեռաբար ընթացիկ վճարումները կատարել:
«Բայց պարտքի չափը գնալով մեծանում է. ընթացիկ վճարումները նույնիսկ զեղչով չեն ուզում անել: Որտե՞ղ են մեր գումարները: Ինչի՞ վրա են ծախսվել մեր մի քանի միլիարդանոց վարկերը», - շվարած հարց է բարձրացրել Պուտինը:





























