Պետերբուրգում անցկացվող միջազգային տնտեսական համաժողովի հերթական նիստին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների հեռանկարի մասին հարց է ուղղվել:
Ռուսական պետության ղեկավարի համոզմամբ, այն, ինչ հիմա է տեղի ունենում, միակողմանի գործողությունների արդյունք է:
«Մենք հարաբերություններ չենք փչացրել: Հիմա էլ` անտեսելով մեր հասցեին հնչող սուր հռետորաբանությունը եւ իրադրության գնահատման տրամագծորեն հակառակ մոտեցումները, շարունակում ենք համագործակցությունը», - նշել է Պուտինը` օրինակ բերելով ահաբեկչության դեմ պայքարի, Իրանի միջուկային ծրագրի եւ Սիրիայում իրավիճակի կարգավորման ոլորտները:
«Մենք ինքնամեկուսանալու մտադրություն բնավ չունենք, սակայն, ինչպես Ռուսաստանում են ասում՝ զոռով սիրելի չես դառնա», - ամփոփել է նախագահը, հավելելով, որ հարաբերությունների բարելավման հույս ունի:





























