Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանել է 168.am-ի հարցին, թե ե՞րբ է Հայաստանը ստորագրելու Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը, արդյոք այն կարո՞ղ է ստորագրվել մայիսի 29-ին Աստանայում, եթե ոչ, ապա որո՞նք են պայմանագրի ստորագրման գոնե մոտավոր ժամկետները: Եվ երկրորդը, արդյոք ընդհանրապես ավարտվե՞լ է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցման բանակցային գործընթացը:

Սաղաթելյանի պատասխանում մանսավորապես. Ասված է. «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացների վերաբերյալ պետական տարբեր կառույցների համապատասխան ներկայացուցիչները պարբերաբար տեղեկացրել են հանրությանը, իսկ ՀՀ նախագահի այցերի եւ ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ պատշաճ կարգով եւ ժամանակին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը»:

Նշենք, որ ապրիլի 29-ին Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների մասնակցությամբ կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը տարածել է հաղորդագրություն, ըստ որի` Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության պայմանագրի փաստաթղթի մշակումն ավարտելու է 2014 թ. հունիսի 1-ին, իսկ մինչ այդ` մայիսի 29-ին, այն ներկայացվելու է Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը: Սակայն առայժմ հանրությանը հայտնի չեն պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետները:

Ի դեպ, օրերս եղավ նաեւ տեղեկություն այն մասին, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահները ստորագրելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, իսկ ստորագրման արարողակարգին ներկա են լինելու նաեւ Հայաստանի եւ Ղրղըզստանի նախագահները: