Թաիլանդի զինվորականները, որոնք նախօրեին իրենց վրա էին վերցրել երկրի կառավարման պատասխանատվությունը, BBC News-ի հաղորդմամբ այսօր` մայիսի 23-ին, կալանքի տակ են առել նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին:

Մի փոքր ավելի վաղ զիվորականները պաշտոնանկ արված նախարարների կաբինետի անդամներին, ինչպես նաեւ մինչ հեղաշրջումը իշխող «Փխիա Տխայի» կուսակցության առաջնորդներին հավաքվելու կոչ էին արել: Բանգկոկի ռազմաբազայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցելու հրավերք էին ստացել նաեւ ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնող մի շարք քաղաքական գործիչներ: Մի քանի ժամ անց Յինգլակ Չինավատին հանդիպման վայրից տեղափոխել են` արդեն անհայտ ուղղությամբ, հաղորդում է Ինտերֆաքսը:

Թաիլանդի զինվորական հրամանատարությունը հինգշաբթի օրը երկրի ողջ տարածքում պարետային ժամ սահմանելու եւ սահմանադրության գործունեությունը դադարեցնելու որոշման մասին էր հայտարարել: Նոր կառավարության ղեկավար է նշանակվել ցամաքային զորքերի հրամանատար Պրայուտ Չան-Օչան, ով իր առաջ երկիրը կայունության վերադարձնելու խնդիր է դրել: