ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մայիսի 6-ին, կյանքի 78-րդ տարում մահացած նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 26-ին, ժամը 12:00-14:00-ին` Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը, Երեւանի քաղաքային պանթեոնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 6-ին, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը:
Անցյալ դարի 50-70-ական թվականներին հայկական օպերային արվեստն ունեցավ բազմաթիվ տաղանդաշատ երգիչների աստղաբույլ, որոնց թվում փայլեց նաեւ Վահան Միրաքյանի աստղը: Նրա մարմնավորած յուրաքանչյուր նոր դերերգ դառնում էր երաժշտագետների ու թատերագետների, ինչպես նաեւ օպերային արվեստի երկրպագուների հիացմունքի ու գնահատանքի առիթ:
Լենսկի /Պ. Չայկովսկի «Եվգենի Օնեգին»/, Հերցոգ /Ջ. Վերդի «Ռիգոլետո»/, Ալֆրեդ /Ջ. Վերդի «Տրավիատա»/, Սարո /Ա. Տիգրանյան «Անուշ»/, Սայաթ-Նովա /Ալ. Հարությունյան «Սայաթ-Նովա»/, Էդգար /Գ. Դոնիցետտի «Լուչիա դի Լամերմուր»/, Խոսե /Ջ. Բիզե «Կարմեն»/, Ռուդոլֆ /Ջ. Պուչչինի «Բոհեմ»/, Պոլիոն /Վ. Բելլինի «Նորմա»/. ահա Վահան Միրաքյան արվեստագետի մարմնավորած դերերգերի ոչ լրիվ ցանկը:
Նրա համբավը շատ արագ դուրս եկավ Հայաստանի սահմաններից, նշանավոր տենորը շրջագայեց բազմաթիվ երկրներում` գրանցելով մեծագույն հաջողություններ` տարածելով հայ վոկալ արվեստի փառքը Խորհրդային Միության, եվրոպական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում եւ Հարավային Ամերիկայում:
Բարձր են գնահատվել Վ. Միրաքյանի ծառայությունները հայկական երաժշտաթատերական արվեստի բնագավառում: Նա արժանացել է բազմաթիվ պարգեւների ու մրցանակների, 1976 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի բարձր կոչում:
1980- ականներից սկսած Վ. Միրաքյանն իր բեղմնավոր գործունեությունը շարունակեց Վիեննայում, ապա` ԱՄՆ-ում, որտեղ եւ կնքեց իր մահկանացուն:
Վստահ ենք, որ տաղանդաշատ արտիստի հիշատակը մշտապես վառ կպահեն օպերային արվեստի երկրպագուները:




























