Ռուսաստանի Պետդուման երրորդ` վերջին ընթերցմամբ հավանություն է տվել երկքաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծին: Օրենքը երկքաղաքացիություն ունեցող անձանց պարտավորեցնում է արտասահմանյան երկրի քաղաքացիություն ձեռք բերելու օրվանից սկսած երկու ամսվա ընթացում այդ մասին գրավոր տեսքով դաշնային միգրացիոն ծառայությանը տեղեկացնել: Պահանջը չկատարելու դեպքում օրինազանց քաղաքացիները պետք է 200 հազար ռուբլու (5,8 հազար ԱՄՆ դոլար) կամ մինչեւ մեկ տարվա կտրվածքով ձեռք բերված եկամուտների չափով տուգանք վճարեն: Ֆինանսական միջոցների բացակայության դեպքում տուգանքը կարող է մինչեւ 400 ժամ տեւողությամբ հասարակական աշխատանքներով փոխարինվել:

Պետդումայի սահմանադրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Պլիգինը ճշտել է, որ քրեական պատասխանատվությունը կտարածվի միայն այն մարդկանց վրա, ովքեր ընդհանրապես չեն իրականացնի արտասահմանյան քաղաքացիություն ձեռք բերելու մասին տեղեկությունը հաղորդելու պահանջը: Տեղեկացման ուշացման կամ ոչ ճշգրիտ տվյալներով ներկայացման համար առաջարկվում է 500-ից 1000 ռուբլու չափով վարչական տուգանք սահմանել: