Հայաստանի կառավարությունը պետք է բնակչությանը հասկացնի, որ երկրում մնալու հեռանկար կա: Այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր, էկոնոմիկայի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում Հայաստանի քաղաքական ուժերի քննարկումների ժամանակ:

Մեկնաբանելով Հայաստանի կառավարության ծրագիրը, որը խորհրդարանն ընդունել է մայիսի 22-ին, նա նշել է, որ մարդիկ նման հեռանկար չեն տեսնում, եթե երկրում նվազագույն աշխատավարձը կազմի 60 հազար դրամ միայն 2017թ.-ին:

Նա չի համաձայնել «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հետ, ով հայտարարել է, թե պետությունը պետք է աշխատատեղերով ապահովի: «Ավելի շուտ պետությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի աշխատատեղեր հայտնվեն»,- հավելել է նա:

«90-ական թվականներին պետությունը անվերահսկելի ազատ շուկայի քաղաքականություն էր վարում: Սակայն սխալ մոդել է: Պետությունը պետք է կարգավորի, սակայն ժամանակին ու գրագետ»,- հայտարարել է Մելքումյանը: