Այսօր՝ մայիսի 23-ին, մինչեւ ժամը 18-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակ է բացել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերի եւ գյուղի վրա:

Երկու ական ընկել է նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանի տան ներսը: Վերջինս NEWS.am-ի հետ զրույցում նշեց հետեւյալը. «Երկու ԴՇԿ-ից են կրակել մեր տան ուղղությամբ, կպել է տանիքին, առաստաղը ծակել ընկել միջանցք: Բարեբախտաբար մենք այդ պահին տանը չենք եղել»:

Նրա խոսքով՝ մի 5-6 կրակոց եղել է զինվորականների հերթափոխի մեքենաների ուղղությամբ, 7-8 կրակոց էլ՝ գյուղի վրա: «Քանի որ մեր տունը հենց ուղիղ ադրբեջանական նշանառության տակ է, դրա համար մեր տան վրա են կրակել: Կպավ տանիքին, պատալոկը ծակեց, ընկավ տան մեջ: Այդ պահին մենք տանը չենք եղել, կողքի տանն էինք, ընդամենը 5 մետր հեռավորության վրա: Թոռներս են վախեցել, բայց լավ է, մեզ ոչ մի վնաս չի հասել, ոչ վիրավորները կան, ոչ նյութական վնաս»,-ասաց նա:

Ղարաքեշիշյանի խոսքով՝ իրենց համար արդեն սովորական են դարձել այդ կրակոցները, քանի որ շատ հաճախ են կրակում իրենց տան ուղղությամբ:

«Եթե գան հաշվեն, ամենաքիչը 20 տեղ կրակոցի հետքեր կան: Այնպես որ սա մեզ համար լրիվ սովորական է»,նշեց նախկին գյուղապետը:

ՊՆ մամուլի ծառայությունից նաույնպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին, որ կրակոցներ եղել են, եւ հայկական կողմը համարժեք կերպով արձագանքել է: