Ադրբեջանի բնակիչները, այլընտրանքի բացակայության պայմաններում, ստիպված են զանգվածաբար հրաժարվել երկրի քաղաքացիությունից:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մի խումբ գործազուրկներ, որոնք նախկինում «Ազերիգազ» արտադրական միավորման աշխատակցուհիներ են եղել, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանն են դիմել հայտարարությամբ, որ ցանկանում են, հօգուտ Ռուսաստանի, հրաժարվել իրենց երկրի քաղաքացիությունից: Դիվանագիտական առաքելությանը հասցեագրված դիմումը «Ազերիգազից» հեռացված ավելի քան 25 կանայք են ստորագրել: Ակնկալվում է, որ երկրի քաղաքացիությունից հրաժարվող եւ այլ երկրում ապաստան խնդրող քաղաքացիների թիվը կավելանա: «Շրջաններից եւս դիմումներ են ստացվում: Ամեն օր մի խումբ մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը: Պետական նավթային ընկերությունից խոստացել են, որ մեր դիմումն անպատասխան չի մնա: Օմբուդսմենի աշխատակազմից եւս նույն խոստումն են տվել, երկու օրվա ընթացքում պետք է պատասխանեին, բայց արձագանք չկա: Պահանջում ենք, որ լուծարված աշխատատեղերի փոխարեն նոր աշխատանք ապահովեն մեզ համար, այլ պահանջ չունենք», - նշում են կանայք:

Նրանք համոզված են, որ կրճատման գործընթացքում անարդարություն է կիրառվել. «Կրճատվում են նրանք, ովքեր երկար տարիներ աշխատել են ոլորտում: Աշխատանքային փորձն ընդհանրապես հաշվի չի առնվում: Իսկ ղեկավարությանը ծանոթ աշխատակիցներին թողնում են, որքան էլ որ նորեկ ու ոչ պրոֆեսիոնալ լինեն»:

Կանայք նաեւ դիմումը ստորագրած նախկին աշխատակիցների վրա գործադրվող ճնշումների մասին են խոսում. «Մենք հրաժարվում ենք քաղաքացիությունից, որովհետեւ այլընտրանք չեն թողնում: Կրճատումից մեկ ամիս առաջ բոլորիս անձնական տվյալներն էին պահանջել: Իսկ հիմա մեր հարազատների նկատմամբ են ճնշումներ գործադրվում, ասում են, որ նրանք էլ աշխատանքից կազատվեն, եթե շարունակենք բողոքի ակցիան եւ այլ երկրների դեսպանատներին ուղղված դիմումներ դիմենք»:

Նշենք, որ «Ազերգազի»` ղարաբաղյան պատերազմում հաշմանդամ դարձած աշխատակիցները եւս որոշել են հրարաժարվել Ադրբեջանի քաղաքացիությունից: Ինչպես haqqin.az կայքին նրանցից մեկը` Ահմեդ Ռահմանովն է հայտնել, այդ մարդիկ եւս ընկերության ղեկավարությանն եմ դիմել. «Եթե մեր իրավունքները չվերականգնվեն, կհրաժարվենք քաղաքացիությունից: Տարբեր պաշտոնյաների պատճառով, որոնք չեն թողնում` մի կտոր հացի գումար վաստակենք, ստիպված ենք լքել երկիրը»: