Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն էլ կվարվեր այնպես, ինչպես մայիսի 17-ին վարվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը՝ վիրավորելով հինգ քաղաքացիների։ Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀԿ տասնհինգերորդ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը՝ անդրադառնալով «Վերնիսաժի» դեպքերին։
«Եթե մի բան, որը կարող է տեղի ունենալ ցանկացած նորմալ մարդու հետ, կրթված, հավասարակշռված, հանգիստ հոգեվիճակ ունեցող մարդու հետ, նշանակում է, որ այդ արարքին պետք է ըմբռնումով մոտենալ։ Ես խոսել եմ ականատեսների հետ, եւ նրանք ինձ պատմել են իրականությանը։ Ես ցանկացած մի տղամարդու կհարցնեմ, եթե կնոջդ ներկայությամբ քեզ ստորացնեն, ծեծեն, ամենավերջին հայհոյանքները տան, եթե երեխադ զրկվի նույնիսկ խոսելու հնարավորությունից, հարգելի հայ մարդ, դու ո՞նց կվարվես»,- ասաց նա։
Ալիկ Սարգսյանը կարծում է, որ եթե մարդ թույլ է եւ ձեռնամարտով չի կարող երկու ուժեղ մարդկանց հաղթել, ապա զենքի կիրառումը թույլատրելի է, սակայն միայն օրինական զենքի։
«Ես գիտեմ, որ սա սովորական հանցագործություն չէ։ Ինձ ասել են, որ դա լի է եղել հատուկ ցինիզմով, որը ստորացրել է մարդուն կնոջ եւ երեխայի ներկայությամբ։ Ամեն մարդու մոտ այդ իրավիճակը իր ձեւով է արտացոլվում, հիմա այս մարդու մոտ կրակոցներով են եղել։ Ես մեղադրում եմ այս մարդուն, նրան ձերբակալել են եւ իր պատիժը կկրի, սակայն կռիվը հրահրած երիտասարդները՝ Վալերին եւ Նորայրն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն, ովքեր հիվանդանոցում են, կամ չգիտեմ, թե որտեղ են»,- նշեց նա։
Նախկին ոստիկանապետը Գոռ Առաքելյանին քննադատող քաղաքացիներին հորդորում է մի պահ իրենց պատկերացնել այդ իրավիճակում. «Ես չեմ ուզում ինձ այս իրավիճակում պատկերացնել, բայց եթե այնպես լիներ, որ չէի կարող իմ ֆիզիկական ուժով հաղթել, ապա ինքս էլ զենք կգործադրեի, բայց իմ օրինական զենքը։ Ինձ կպաշտպանեի իմ օրինական զենքով, բայց ոչ բոլորն ունեն այս հնարավորությունը։ Ես մի բան գիտեմ, որ ցանկացած ցինիզմ պետք է պատժվի։ Եթե ոստիկանությունը տեղում լիներ, ապա գործը սրան չէր հասնի»։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











