ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կհրաժարվի Եվրոպայում տեղակայված 21 ռազմական օբյեկտներից եւ նրանց նկատմամբ վերահսկողությունը տեղակայման երկրների ղեկավարությանը կհանձնի: Պենտագոնի ղեկավարությունը հիշյալ քայլը «աննշան ենթակառուցվածքային փոփոխություն» է որակել, որի արդյունքում հնարավոր կլինի տարեկան մինչեւ 60 մլն դոլար խնայել:

ԱՄՆ զինված ուժերի համար իրենց անհրաժեշտությունը կորցրած օբյեկտների շարքը մեկական գոլֆի դաշտ, հրաձգարան, հյուրանոց, ինչպես նաեւ մի քանի ավիաբազաներ, շենքեր եւ շինություններ է ներառում, որոնք Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից այլեւս «չեն օգտագործվում», The Washington Times-ին վկայակոչելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա ԱՄՆ ԶՈւ ենթակառույցների եւ ռազմական ներուժի վրա», - The Washington Times-ին տված հարցազրույցին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար փոխծովակալ Ջոն Կիրբին:

Եվրոպայում տեղակայված մի քանի օբյեկտներից հրաժարման մասին որոշումը Միացյալ Նահանգների` դեպի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան վերակողմնորոշվելու պլանի բաղադրիչ մասն է կազմում: