ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը գազի գինն իջեցնելու Ուկրաինայի պահանջը շանտաժ եւ բռիություն է անվանել։ Ըստ նրա՝ Կիեւը պետք է վճարի ամբողջը, քննարկվում է միայն վճարումների ժամանակացույցը։

«Վճարումների ժամանակացույցը կարելի է քննարկել, բայց թող սկսեն վճարել», - ասել է Մեդվեդեւը Սերգեյ Բրիլեւի «Вести в субботу» հաղորդման եթերում։

«Ես այսօր հերթական անգամ կարդացի (նրանց ղեկավարներից մեկն էր գրել). «Այո, կվճարենք, բայց թող նախ այլ գին սահմանեն։ Սա ի՞նչ շանտաժ է... սա պարզապես բռիություն է», - հայտարարել է Մեդվեդեւը։

Նշենք, ապրիլի 1-ից Ուկրաինայի համար ռուսական գազի գինը հասցվել էր 485 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց։ «Գազպրոմի» գնահատմամբ՝ «Նավթոգազի» պարտքը ապրիլի վերջին հասել է  3,մլրդ դոլարի։ Ուկրաինայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ նոր գինն ուռճացված են համարում եւ համամիտ չեն պարտքի ծավալի հարցում։ Նաեւ հայտարարել էին, որ պատրաստ են պարտքը մարել, եթե գինը 268,5 դոլար դառնա։