Չինաստանի Ուրումչի քաղաքում 39 մարդու կյանք խլած եւ 94 մարդու վնաս պատճառած ահաբեկչական գործողության իրականացման մեջ կասկածվող 5 անձանց ինքնությունը պարզվել է
Կասկածյալներից չորսը ահաբեկչության արդյունքում մահացել են, եւս մեկը նախօրեին ձերբակալվել է, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:
Կասկածյալները երկար ժամանակ կրոնական ծայրահեղականների ազդեցության տակ են գտնվել: Խմբավորման անդամներն այդ ընթացքում ծայրահեղական բնույթի տեսանյութեր են դիտել եւ ձայնագրություններ լսել:
«Ահաբեկչական գործունեություն ծավալելու նպատակով նրանք ավտոմեքենաներ եւ ինքնաշեն պայթուցիկ սարքեր պատրաստելու համար անհրաժեշտ նյութեր են ձեռք բերել», - ասվում է չինական ոստիկանության կողմից տարածված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` մայիսի 23-ին ՉԺՀ-ի արեւմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի վարչական կենտրոնում` Ուրումչի քաղաքում պայթյունների շարք էր հնչել: Տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:50-ին (Երեւանի ժամանակով` 03:50) «Ժենմին» այգու հարեւանությամբ գործող փողոցային շուկայում երկու ավտոմեքենաներ մարդկանց զանգվածի մեջ էին մխրճվել: Այնուհետեւ նրանցից մեկը պայթեցվել էր, իսկ մյուսից` պայթուցիկ սարք դուրս նետվել:




























