Ավստրիայի Բրանաու քաղաքում գտնվող շինություններից մեկի տիրուհին, երկար տարիներ ձգվող վիճաբանություններից հետո, որոշել է գործարքի գնալ քաղաքային իշխանությունների հետ:

Ի սկզբանե քաղաքապետարանը նպատակ է հետապնդել հիշյալ շինությունը հակաֆաշիստական հուշահամալիրի, թանգարանի կամ պատկերասրահի վերածել, քանի որ խոսքն այն տան մասին է գնում, որտեղ Ադոլֆ Հիտլերն է ծնվել: Ժամանակին նույնիսկ շենքը քանդելու առաջարկություններ էին հնչում: Սակայն շինության սեփականատերերը երկար տարիներ մերժմամբ էին պատասխանում բոլոր առաջարկներին:

Օրեր առաջ, սակայն, քաղաքային իշխանությունները վերջապես հայտարարել են` տանտիրուհու հետ փոխզիջումային լուծում է գտնվել: Այնտեղ ներգաղթյալների համար կենտրոն եւ լեզվի ուսուցման դպրոց է բացվելու:

Երկար տարիներ թղթակիցների հետ շփման հնարավորությունից խույս տվող տանտիրուհին` Գելինդա Պոմերը` Հիտլերի ծնողներին հիշյալ տարածքը վարձակալությամբ տված ընտանիքի ուղիղ հետնորդուհին, առաջարկվող վարձակալության դիմաց տարեկան 30 հազար եվրո կստանա: