Էգեյան ծովում գրանցված 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետեւած ստորգետնյա ցնցումների արդյունքում Թուրքիայի 267 քաղաքացիներ են տուժել: Այս մասին տեղեկությունը երկրի ԱԻ կառավարական վարչությունն է տարածել: Երկրաշարժի էպիկենտրոնը հունական Սամոտրակի կղզուց հարավ-արեւմուտք` Թուրքիայի ափերից 40 կմ հեռավորության վրա է գտնվել: Առաջին հզոր ստորգետնյա ցնցմանը շուրջ 70 ալիքներ են հետեւել: Նրանց ուժգնությունը Թուրքիայի տարածքում 5,5-ից 2,3 մագնիտուդ է կազմել:

Երկրի արեւմուտքում բնակվող հազարավոր քաղաքացիներ լքել են իրենց տները` հնարավոր փլուզումներից խուսափելու համար: Հիշյալ թվով տուժածների քանակը մեծ ի մասամբ առաջացած խուճապի արդյունք է: Նրանցից շատերը սրտի նոպայի ախտորոշմամբ են հիվանդանոց տեղափոխվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

ԱԻ վարչության հաղորդմամբ, երկարաշարժը լուրջ վնաս չի պատճառել: «Որոշ շինություններում ճաքեր են հայտնվել, աննշան վնաս են կրել նաեւ մի քանի մզկիթների մինարեթներ»: Փրկարար ջոկատները ստուգումներ են անցկացնում այն շրջաններում, որտեղ հաջորդական ցնցումներն առավել ուժեղ են զգացվել: