Ուկրաինայի հետ սահմանին տասնյակ հազարավոր ռուս զինվորականներ են շարունակում մնալ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին: Նա նշել է, որ որոշ ստորաբաժանումների հեռացման նախապատրաստումը շարունակվում է, սակայն ոչ բոլոր:
«Ուկրաինայի հետ սահմանին մեծ թվով ՌԴ զորքեր են շարունակում մնալ: Տասնյակ հազարավոր(ռուս) զինվորներ հիմա այնտեղ են: Ուստի չնայած նրան, որ մենք որոշակի տեղաշարժ ենք տեսնում, խոսել ռուսական զորքերի լիակատար հեռացման մասին, ինչի վերաբերյալ հրաման տվել էր նախագահ Պուտինը, դեռ վաղ է»,- նշել է Քիրբին, հաղորդում է «ForUm»-ը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ սահմանակից մարզերից ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների լիակատար հեռացումը սպասվում է մոտավորապես հունիսի 8-ին, հայտարարել է ՌԴ ԶՈի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:
ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ բոլոր զորամասերը զորավարժություններից կվերադառնան մշտական տեղակայման վայեր 2014թ.-ի հունիսի 1-ին: Մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է տվել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին վերադարձնել զորքերը, որոնք մասնակցել են Ռոստովի, Բելգորոդի, Բրյանսկի մարզերում անցկացված զորավարժություններին, նախապատրաստումների գարնանային փուլն ավարտված է:





























